Կառավարական նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է եվրապարտատոմսերով վաղաժամկետ մարել Ռուսաստանի վարկը: Այս մասին է հայտնել РИА Новости-ն: 2009 թ-ին Ռուսաստանի ու Հայաստանի ֆինանսների նախարարները համաձայնագիր էին ստորագրել Երևանին 15 տարի մարման ժամկետով 500 միլիոն դոլար վարկ տրամադրելու մասին՝ ճգնաժամի ժամանակ երկրի տնտեսական վիճակի աջակցության համար:
Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 4%: 2009թ-ի հունիսի 12-ին Ռուսաստանը գումարը միանվագ փոխանցել է ՀՀ Կենտորնական Բանկ ու ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ողջ գումարը՝ 492 միլիոն դոլար, կուղղվի տնտեսության ոլորտին: Վարկը կմարվի սեպտեմբերի 19-ին՝ Հայաստանի կողմից թողարկված եվրապարտատոմսերի միջոցով: Պարտատոմսերի ծավալը կազմում է 700 միլիոն, մարման ժամկետը՝ 7 տարի, իսկ եկամտաբերությունը՝ 6%: Հիմնական ապահովագրող բանկերն են՝ Deutsche Bank AG-ն, London Branch-ը, HSBC Bank plc-ն և J.P.Morgan Securities plc-ն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ այս պարտատոմսերի գումարից 460 միլիոն դոլար՝ վարկի ողջ մանցորդը, կտրամադրվի վարկի մարմանը: Կառավարության նիստի ժամանակ նաև ասվել է, որ հաջորդ տարվանից սկսված տարեկան 44 միլիոն դոլար կտրամադրվի երկրի ներքին պարտքերը մարելու համար: