Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը' պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին։
Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ, նշել է դիվանագետը։
«Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն, ընդհանուր առմամբ, տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։
«Այս առումով՝ մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով: Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների աննախադեպ ճնշումը միայն ամրապնդում է փոխըմբռնումը Համագործակցության երկրներում բազմակողմ կապերի ամրապնդման կարևորության մասին՝ ներառյալ տնտեսական ինտեգրման խորացումը»,- ասել է դիվանագետը։
«ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել ներգրավվածության աստիճանը կազմակերպության գործերին, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա խորացման համար»,-ընդգծել է նա։
Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջ։