Հարավային Կովկասի հանրապետությունները կարևոր են Ռուսաստանի համար՝ յուրաքանչյուրն իր ձևով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, փետրվարի 26-ին Մոսկվայում լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: «Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում կյանքը լինի կայուն ու խաղաղ»,-ասել է քաղաքական գործիչը:

 

 

Ընդսմին, եթե Ադրբեջանը, նրա կարծիքով, Ռուսաստանի կարևորագույն առևտրատնտեսական ու քաղաքական գործընկերն է, ապա Հայաստանը՝ մերձավոր գործընկերն է: «Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ-ում, այլև ՀԱՊԿ-ում, իսկ այժմ արդեն նաև Եվրասիական տնտեսական միությունում»,-պարզաբանել է Կոսաչովը: «Մեր երկրի հետ նման ինտեգրացիոն նախագծերը շատ լայն աջակցություն են վայելում հայ հասարակության մեջ, այդ գործընթացները ոչ միայն այն ընտրության արդյունքն են, որ կատարում են ղեկավարները, այլև այն տրամադրությունների, որոնք առկա են մարդկանց մեջ-ասել է խորհրդարանականը: Նա ընդգծել է, որ մյուս ուղղությամբ, հակառակ այս տրամադրություններին, աշխատում են Հայաստանում մեր բազմաթիվ աշխարհաքաղաքական մրցակիցները:

 

 

Կոսաչովը հայտնել է, որ շուրջ 350 ոչ կառավարական կազմակերպություններ քարոզում են եվրասիական ինտեգրացման դեմ և հօգուտ «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման: «Մենք նրանց աշխատանքը կոռեկտ չենք համարում, որովհետև սկզբունքորեն կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը՝ կամ դուք մեզ հետ եք, կամ նրանց հետ եք: Այդ դիրքորոշումն արդեն ավերել կամ գրեթե ավերել է Ուկրաինան և կարող է ավերել ցանկացած այլ երկիր»,-նշել է կոմիտեի ղեկավարը:

 

 

Սենատորը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրություն կատարելու փորձությունից: «Հուսով եմ, որ մենք՝ Հայաստանը և Ռուսաստանը, տարիներով ու հարյուրամյակներով կպահպանենք դաշնակցության ու բարեկամության հարաբերությունները, ինչպես որ եղել է անցյալում»,- ասել է Կոսաչովը: