Հայաստան ձկան կեր ներկրող 32 տնտեսվարող սուբյեկտ կա, սակայն շուկայում գերիշխողը երկուսն են: Նրանց հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են կագնած:
«Սագատի» և «Սագատի Ֆիշ» (նույն տնտեսվարող սուբյեկտն է' տարբեր կազմակերպություններով), ինչպես նաև «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ները գրավում են տվյալ շուկայի 80 %-ը:
«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ Աազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է' ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն ու իր խնամի Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն: Աբրահամյան եղբայրները ձկնաբուծարան ունեն նաև Մխչյան գյուղում, և ներկրած կերը բավարարում է ոչ միայն իրենց տնեսություններին, այլ նաև վաճառքի է հանվում:
««Սագատի» և «Սագատի Ֆիշ» ՍՊԸ-ները նույն հիմնադիրներն ունեն' Տարիել Բարսեղյան, Գարիկ Սլոյան և Ալվինա Գրիգորյանը: Այս եռյակի մասին արդեն գրել ենք, երբ անդրադարձել էինք նրանց ձկնաբուծական տնտեսությանը: Նրանք մեկ այլ' «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ով, որտեղ հավասար բաժնեմասեր ունեին, գրանցել են իրենց ձկնաբուծարանը: Տարիել Բարսեղյանը եղել է ՀՀ Գերագույն դատարանի նախագահը, այժմ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչն է, ինչպես նաեւ արդարադատության խորհրդի անդամը, ունի դոկտոր-պրոֆեսորի գիտական աստիճան: Սակայն իրականում ձկնաբիզնեսով և կերերով զբաղվում է Տարիել Բարսեղյանի որդին' ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Տիգրան Բարսեղյանը, թեև 74-ամյա հայրը պնդում է, որ անձամբ ինքն է զբաղվում բիզնեսով, որդին դրա հետ կապ չունի: Սիփանիկի գյուղացիները մեզ հետ զրույցներում պատմեցին, որ Տիգրան Բարսեղյանն է հաճախ լինում ձկնաբուծարանում:
Բացի վերոնշյալ ընկերություններից, Գարիկ Սլոյանը և Տարիել Բարսեղյանը մեկ այլ ընկերություն են գրանցել այս տարվա հուլիսին և ձկան կերի ներկրում իրականացնում են նաև «Վեների» ՍՊԸ-ով: Ըստ ամենայնի, այս նոր ընկերությունը ՊԵԿ-ի տեղակալը ստեղծել է, որպեսզի գերիշխող դիրքի չարաշահում չդիտարկվի, քանզի այս տարվա փետրվարի 20-ին ձկան կերի շուկայի ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ-ն «Սագատի» և «Սագատի Ֆիշ» ընկերությունները ճանաչել է գերիշխող դիրք զբաղեցնողներ: