2014 թվականի հոկտեմբերի 29-ին սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը հայտնում է, որ իր որդու սպանությունը պատվիրված, ի սկզբանե պլանավորված է եղել և սպանության գործի արդարացի քննությունը խախտում է Շիրակի մարզի  դատախազությունը․ «Դատավորը կատարում է դատախազի պատվերը։ Քրեական գործում առկա են բազմաթիվ հակասություններ։ Դատաբժշկի կողմից կատարվել է անօրինակություն։ Նա չի պատասխանել քննիչի հարցերին՝ միտումնավոր կերպով, քանի որ նրա պատասխանները էական առանցքային նշանակություն էին ունենալու սպանության բացահայտման ուղղությամբ։ Դատաբժիշկը տվել է կեղծ ցուցմունքներ և հարցական է մնում՝ Արտյոմին մեկ գործիքո՞վ են մարմնական վնասվածքներ հասցրել, թե՞ մի քանի»,-այսօր կազմակերված քննարկման ժամանակ ասաց սպանված Ադանալյանի մայրը՝ նշելով, որ գիտական մեթոդներով մինչ օրս որևէ կերպ չի ապացուցվել նաև որդու հագուստների և մարմնի վրա առկա հետքերի կապը։

 

Ռուզաննա Ադանալյանը նշում է, որ որդու սպանությունը կատարվել է փողի դիմաց և դրանում մեղավոր է նաև շտապօգնության ծառայությունը, որը վնասվածքներ ստացած որդուն համապատասխան օգնություն ցույց չի տվել և անհետաձգելի բուժօգնություն որդուն չի ցուցաբերվել։ «Շտապօգնության կողմից կատարված ներարկման սրվակից հայտնաբերվել է թույն։ Շտապօգնությունը թույն է ներարկել որդուս, փորձագիտական եզրակացությունը կցված է գործին։ Սա պարզապես որդեկուրույս մոր կողմից էմոցիաների պոռթկում չէ։ Կա փաստ, կա եզրակացություն։ Շտապօգնությունը մեկ ժամ նստել է որդուս կողքին և ասել, որ տղան մահացած է։ Որդուս թողել են կոտրված ապակիների վրա, հակաէսթետիկ վիճակում։ Տար Աստված, որ շտապօգնությունն առհասարակ եկած չլիներ։ Ոստիկանները ժամանել են ուշացած և որևէ գործողություն չի կատարվել»,-ասաց Ռուզաննա Ադանալյանը՝ նշելով, որ կատարվածը փաստում է, որ որդուն սպանել են նախապես մշակված պլանով։

Գործով զբաղվող փաստաբան Նինա Կարապետյանցն էլ հավելեց, որ գործը վարող դատավորը կամ չի տիրապետում փաստական հանգամանքներին, կամ չունի համապատասխան գրագիտություն, կամ էլ գործում է պատվիրված տարբերակը․ «Դատավորը դիտավորյալ անում էր ամեն ինչ, որ սպանված տղայի մորը հասցներ այն վիճակի, որ կիրառի սանկցիա։ Բոլոր ապացույցները կան, որ այս գործի թիկունքում կանգնած են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ»։ 

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությունից անցել են տարիներ։ Գործը մինչ օրս բացահայտված չէ և ըստ մեղադրող կողմի՝ նախաքննական մարմինը գործը պարտակել է, սպանության մեղավորները լքել են Հայաստանը։ 

 

Աղավնի Սուքիասյան