Ադրբեջանում նախագահական ընտրությունների շեմին ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիեւի տասնյակ ընդդիմախոսներ, ինչի արդյունքում այդ երկրում քաղբանտարկյալների թիվը տարվա սկզբի համեմատ կրկնապատկվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Ադրբեջանում Մարդու իրավունքների ակումբը հրապարակել է 142 լրագրողների, կրոնական գործիչների եւ իրավապաշտպանների ցուցակը, ովքեր ներկայում ձերբակալված են քաղաքական դրդապատճառներով: Համեմատության համար իրավապաշտպան կազակերպությունն ընդգծում է, որ հունվարին քաղբանտարկյալների թիվն Ադրբեջանում կազմել է 60: «Երեւում է' իշխանությունները ձգտում են ընտրությունների շեմին ճնշել քննադատության եւ այլախոհության ձայները»,- ասել է ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովը:
Իրավապաշտպանի խոսքով' իր ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի համար Իլհամ Ալիեւին քաջալերել է հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած որոշումը, որով արգելվել է այդ երկրում քաղբանտարկյալների վիճակի մոնիթորինգի անցկացումը: «ԵԽԽՎ անդամները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն մարդու իրավունքները լրջորեն խախտելու հարցում Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է բրիտանացի իրավապաշտպան Ռեբեկա Վինսենտը, ով կոչ է արել անհապաղ բանտերից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Միջազգային իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները հոր մահվանից հետո 2003 թ-ից իշխանության գլուխ անցած Իլհամ Ալիեւին մեղադրում են Ադրբեջանում այլախոհությունը եւ խոսքի ազատությունը ճնշելու մեջ: