Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վիդեոդիմումում կոչ է անում Կոնգրեսի ստորին պալատին ընդունել 2014թ-ի բյուջեն, ընդ որում՝ առանց պայմաններ առաջ քաշելու:
«Ժամանակն է քվեարկել և դադարեցնել այս ֆարսը: Անմիջապես վերջ դրեք բյուջետային ճգնաժամին»,- հայտարարել է Օբաման:
ԱՄՆ ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ նպատակ չունի զիջումների գնալ հանրապետականներին, որոնք պահանջում են հրաժարվել առողջապահության բարեփոխումներից: Օբաման նաև հիշեցրել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը արդեն հաստատվել է Սենատի կողմից:
«Ներկայացուցիչների պալատում բավականին ձայներ կան ինչպես հանրապետականների կողմից, այնպես էլ դեմոկրատների կողմից, որպեսզի անմիջապես բյուջեն կարողանան ընդունել»,- շարունակել է Օբաման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան կոնգրեսականները երրորդ անգամ Սենատ են վերադարձրել առաջիկա տարվա բյուջեի մասին օրենքը: Քաղաքական գործիչները չեն կարողացել գալ ընդհանուր եզրակացության կարևոր հարցերի շուրջ: Մասնավորապես տարաձայնություններ են առաջացել առողջապահության բարեփոխումների շուրջ: Արդյունքում ֆինանսավորման բացակայության պատճառով ԱՄՆ պետական հաստատությունների մի մասը դադարել են գործել: