Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները որոնում են հոկտեմբերի 5-ին Երևանում վարորդին ծեծի ենթարկած, այնուհետև նրա ավտոմեքենան առևանգած ու վարորդին վրաերթի ենթարկած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Ավետիսյան փողոցում քաղաքացին ավտոմեքենայից դուրս է հանել վարորդին և նստել նրա մեքենան ու դիմել փախուստի:

 

Նշված վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 55-ամյա Հակոբ Մելիքյանը, ով ВАЗ 2107 մակնիշի 13 ՏՕ 806 համարանիշի ավտոմեքենայով, անհատական հիմունքներով, տաքսի է վարում, մոտ 45-50 տարեկան ուղևորի հետ ուղեվարձ չվճարելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի մեջ, որից հետո այն շարունակվել է դրսում, ու այդ ժամանակ ուղևորը նստել է մեքենայի ղեկին և փորձել դիմել փախուստի:

 

Վարորդ Հ. Մելիքյանը այդ ընթացքում կառչել է մեքենայից՝ փորձելով խոչընդոտել փախուստը, սակայն մեքենան փախցնողը կանգ չի առել, մեծ արագությամբ վարել է մեքենան, ինչի ժամանակ էլ Հ. Մելիքյանը մեջքի հատվածում մարմնական վնասվածք է ստացել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ, 47-ամյա Հակոբ Արաբյանն է և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական-քննչական գործողություններ:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

 

 

shamshyan.com