Վարորդ Արմեն Մելիքսեթյանը ընդդեմ Ճանապարհային ոստիկանության հայցով դիմել էր վարչական դատարան' պահանջելով անվավեր ճանաչել իր նկատմամբ 08.05.2012թ. ժամը 15.52-ին, 21.04.2012թ. ժամը 16.51-ին, 28.04.2012թ. ժամը 12.51-ին և 07.05.2012թ. ժամը 12.23-ին ՃՈ կայացրած որոշումները:

 

Այս որոշումներից յուրաքանչյուրով քաղաքացին ՃՈ-ի կողմից տուգանվել է 10 000- ական դրամով' սահմանված արագությունը 11-18 կմ/ժամով գերազանցելու համար, ինչը արձանագրվել է ստացիոնար արագաչափով:

 

Քաղաքացին չի վիճարկում իր կողմից արագության գերազանցման փաստը, այլ իր նկատմամբ տուգանքի կիրառման որոշումներն անվավեր համարելու համար բերում է բոլորովին այլ հիմնավորում, որն ի դեպ, նման դեպքերի համար, նախատեսված է օրենքով:

 

Բանն այն է, որ Երևանի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկից մոտավորապես 100 մետր ներքև տեղադրված 40կմ/ժ առավելագույն արագությունը սահմանափակող ճանապարհային նշանը, որն անտեսելու համար էլ կայացվել են վիճահարույց որոշումները, իրականում տեսանելի չի եղել վարորդի համար: Պարզվում է այն հենց ապրիլ-մայիս ամիսներին ծածկված է եղել ծառի ճյուղերով:

 

«Ես այն կարող էի տեսնել միայն այն դեպքում, եթե գիտենայի նրա առկայության և գտնվելու տեղի մասին և մոտենալով այդ տեղին, այն փնտրեի։ Այսինքն, նշանը ինձ համար չէր գործում։ Նշանը տեսանելի դարձավ միայն միայն մայիսի 29-ից, փողոցի ծառերն էտելուց հետո։ Նման պարագայում ես իրավացիորեն կարող էի ընթանալ մինչև 60կմ/ժ արագությամբ և ՎԻՎ օրենսգրքի համաձայն ենթակա էի վարչական պատասխանատվության, եթե արագաչափը գերազանցեր 70կմ/ժ գերազանցող արագություն՚,- իր վարչական բողոքում գրում է վարորդը:

 

Ի դեպ, այն, որ տվյալ նշանը, տվյալ ժամանակահատվածում իրոք ծածկված է եղել ծառի ճյուղերով, իրենց համապատասխան գրություններով հաստատել են գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտն ու«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ը:

 

Այս փաստարկների հիման վրա վարչական դատարանը բավարարել է Արմեն Մելիքսեթյանի հայցն ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության' անվավեր ճանաչելով ՃՈ 4 որոշումները։

 

Ի դեպ, նշենք, որ մինչ դատարան դիմելը նույն փաստարկները քաղաքացին ներկայացրել էր նաև ՃՈ, սակայն, այստեղ հրաժարվել էին իրենց որոշումները չեղյալ հայտարարելուց:

 

Անգամ վարչական դատարանի վճռից հետո էլ ՃՈ-ը չի համաձայնել դրա հետ և այն բողոքարկել է վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում: Այս դատական ատյանները, սակայն, ՃՈ բողոքները քննության չեն վերցրել' հօգուտ վարորդի կայացրած վճիռը թողնելով ուժի մեջ:

 

 

 

 

 

«Փաստինֆո»