Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանի և այդ ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Հովսեփ Ասոյանի միջև դատական վեճն ավարտվել է Թեհմինե Ենոքյանի հաղթանակով: Այս մասին հայտնում է Ecolur-ը:

 
Թեհմինե Ենոքյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վիրավորելու համար Երևան քաղաքի իրավասության դատարանը պարտավորեցրել է Հովսեփ Ասոյանին վերջինիս օգտին 200 հազար դրամ բռնագանձել և հրապարակավ ներողություն խնդրել:

2018 թ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ամուլսարի շահագործման կողմնակից, «Vahagn Hovhannisyan» անունով օգտատերն իր էջում հրապարակել էր Թեհմինե Ենոքյանի Գնդեվազի տան լուսանկարը ոչ պատշաճ մեկնաբանությամբ:

Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Գործի քննությամբ պարզվել էր, որ զրպարտող լուսանկարներ հրապարակած «Vahagn Hovhannisyan» օգտատերի էջը վարում է «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից Հովսեփ Ասոյանը: Ի սկզբանե ՀՀ քննչական կոմիտեն կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով: Ըստ կոմիտեի` Թեհմինե Ենոքյանը հասարակական գործունեություն է ծավալել և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի են այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ: Թեհմինե Ենոքյանը, սակայն, բողոքարկել էր կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն: 2019 թ. ապրիլի 29-ին էլ հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովսեփ Ասոյանի՝ վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին: Դատարանը մասնակիորեն էր բավարարել հայցադիմումի պահանջը՝ 1 միլիոնի փոխարեն պարտավորեցնելով Հովսեփ Ասոյանին վճարել 200 հազար դրամ:

Թեհմինե Ենոքյանը դատարանի այդ վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: