Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ ներկայացրած հայցով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սամսոնյանին հրապարակայնորեն հերքել Շուշան Փաշինյանի հասցեին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։
Այդ գրառումից հետո Ն. Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու հատկանիշներով: