Վարչական դատարանի Գյումրու նստավայրում այսօր նշանակված էր ԳԱԼԱ-ի լրատվական ծառայության մեքենայի վարորդ Արմեն Պետրոսյանի հայցի քննությունն ընդդեմ ճանապարհային ոստիկանության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ 2013 թ-ի մարտի 25-ի կեսօրին Գյումրու ՃՈ աշխատակիցները հանկարծակի ներկայացել էին ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակից Արմեն Պետրոսյանի բնակարան և առանց ծանուցագրի կամ պատճառաբանության նրան ստիպել ներկայանալ ՃՈ, իսկ մեքենան տեղափոխել էին տուգանային հրապարակ, հետո վարչական ակտ կազմել Ա. Պետրոսյանի անունով:
ԳԱԼԱ-ն եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայց են ներկայացրել դատարան եւ արդեն քանի ամիս գործը դատարանի վարույթում է, սակայն կարելի է ասել, տեղից չի շարժվում: Այսօր էլ հերթական անգամ նիստը չի կայացել: Այս անգամ վարչական դատարանի դատավոր Էդիկ Նահապետյանի տեղակալը դատական նիստը սկսվելուց հինգ րոպե առաջ դուրս է եկել միջանցք ու կողմերին տեղեկացրել, որ դատական նիստ չի կայանա դատավորի առողջական խնդիրների պատճառով: Ըստ նրա՝ Է. նահապետյանը սրտի ինֆարկտ է ստացել եւ նրան մի քանի օր առաջ տեղափոխել են Երեւան՝ սիրտը ստենդավորելու, եւ որ դատավորը առողջական խնդիրների պատճառով գտնվում է արձակուրդում: Հարցին, թե հնարավո՞ր չէր արդյոք նախօրոք ծանուցել կամ տեղեկացնել, որ նիստ չի կայանալու, տեղակալը չկարողացավ հիմնավոր բացատրություն տալ: Վարորդ Ա. Պետրոսյանի փաստաբան Արայիկ Զալյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով դատաքննությանը՝ ասաց.
«Դատաքննության այս փուլում լսելու ենք Արմեն Պետրոսյանին եւ եւս երեք վկաների, նաեւ ոստիկանության աշխատակիցներին: Արդեն որերորդ դատական նիստն է՝ տեղի չի ունենում: Երկու նիստեր հետաձգվեցին ոստիկանության աշխատակիցների չներկայանալու պատճառով: Այսօրվա դատական նիստը, իհարկե անհարկի չէ, բայց լավ կլիներ, որ նախօրոք ծանուցվեր, կամ մի զանգով տեղեկացնեին, հատկապես որ պաշտպանական կողմը Վանաձորից է հասել Գյումրի: Իսկ դատավարության ձգձգումը կավարտվեր իմ կարծիքով, եթե դատավորը առողջ լիներ, այլ պատճառ չէր կարող լինել գործը ձգձգելու հետ կապված, քանի որ վարչական դատավարությունը թույլ է տալիս կողմի բացակայությամբ գործի քննություն եւ արդեն երկու անգամ մեր գործը հետաձգվել է դատավարության մյուս կողմի՝ ոստիկանների չներկայանալու պատճառով եւ եթե այսօր նույնպես չներկայանային, ես միջնորդելու էի, որ գործի քննությունը շարունակվեր»: Ա. Զալյանը նշեց նաեւ, որ փաստական հանգամանքներն ու ապացույցները բավարար են, որպեսզի բավարարվի ԳԱԼԱ-ի վարորդի ներկայացրած հայցադիմումը: «Մենք պահանջել ենք ճանաչել ոչ իրավաչափ ոստիկանության աշխատակիցների գործողությունները, վարորդ Արմեն Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը, ինչպես նաեւ վարչական ակտը, որով Ա. Պետրոսյանին ենթարկել են վարչական պատասխանատվության: