Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմանց հավաքվել և իրեն ց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են իրենց և չեն կատարում տված խոստումները:

 

Գյուղացիներին ստիպում են, որպեսզի խաղողը վաճառի իրենց գրոշներով այն դեպքում, երբ որոշ գյուղերից խաղողը մթերել են ավելի բարձր գներով, իսկ հայաստանցի ցանկացած մարդ, ով գիտի խաղողի պատմությունը, չի հերքի, որ նշված Արենի տեսակի խաղողը համարվում է թիվ 1-ը ու չնչին գնով մթերելու պահանջը մթերող ընկերությունների կողմից կարելի է համարել անբարոյականություն:

 

Գյուղացիներն այս պահին պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը, քանի որ հարցին լուծում չեն տալիս: Երեկ գյուղ է այցելել գյուղատնտնեսության փոխնախարարը, սակայն նրա պատասխանները չեն գոհացնում գյուղացիներին:

 

Այս պահին գյուղացիների հետ է բանակցում Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Հարվերդյանը, սակայն գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ հարցը կարող են լուծել միայն վարչապետն ու գյուղնախարարը: Այստեղ է նաև գյուղապետ Աշոտ Գալստյանը, ով ամպագոռգոռ հայտարորում է, թե «սաղ OK ա», ինչին գյուղացիները պատասխանեցին, որ «գյուղապետը նույնպես քամի է անում»:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիների բողոքի ակցիային հեռվից հետևում է Եղեգնաձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը, իսկ մեծ թվով ոստիկանմեր էլ արդեն միջպետական ճանապարհի վրա կանգնած սպասում են, որ եթե գյուղացիները ճանապարհը փակեն, իրենք գործի անցնեն: