Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախ բանկ» ՓԲԸ-ում։

 

Այս պահին Դավիթաշենի այգու դիմաց կառուցված շենքի սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախ բանկի» դիմաց: Մոտ 100 քաղաքացի բանկից պահանջում է պատասխանել, թե ինչու չեն արձագանքում շենքի հետ կապված խնդրին:

 

Արդեն 1 ամիս շարունակ տեղի ունեցող դատական նիստերին ևս բանկից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել: Բանկը նաև հրաժարվում է արձագանքել առողջացման ծրագրին: