Ինչպես պաշտոնական Երևանը, այնպես էլ Եվրամիությունը շահագրգռված են սերտ համագործակցության շարունակմամբ, անկախ վերջին գործընթացներից, և այդ մասին հայտարարել է թե Հայաստանի նախագահը ԵԽԽՎ բարձր ամբիոնից, թե ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները:

 

Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդարադառնալով ԱրմԻնֆոյի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի հայտարարությանն այն մասին, որ ՙԱրևելյան գործընկերության՚ Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն անհնար է բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում' ինչպես ցանկանում է պաշտոնական Երևանը:
ՙ

 

Թե ինչ ձև կընդունի Հայաստան-ԵՄ համագործակցությունը, արդյոք այն կսահմանվի ասոցացման պայմանագրով կամ որևէ այլ փաստաթղթով, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ Երևանի ու Բրյուսելի միջև ակտիվ համագործակցությունը կշարունակվի անկախ առկա գործընթացներից, կասկած չի հարուցում: Գլխավորն այն է, որ Հայաստանը վճառականորեն է տրամադրված Եվրոպայի հետ երկխոսությանն ու սկսած ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը' եվրոպական բոլոր չափորոշիչներին համապատասխան՚, - ամփոփել է Շարմազանովը:

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգբսյանը, իսկ հետո նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել են, որ Երևանը պատրաստ է նախաստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը արդեն առաջիկա նոյեմբերին, ՙԱրևելյան գործընկերության՚ Վիլնյուսի գագաթնաժողովում: Սակայն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, անդրադառնալով այդ հայտարարությանն, ընդգծել է. ՙՀայաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն անհնար է բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում՚:

 

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստան իր վերջին այցի ընացքում նշել էր, որ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վարվել են համալիր և ներառել են մի շարք կետեր, մասնավորապես, կառուցվածքային կամ համակարգային բաղադրիչ, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի մասին բաղադրիչ, ինչպես նաև մարդկանց շարժունակության կամ տեղաշարժման մասին գլուխ, և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիրը չի կարելի մեխանիկորեն անջատել ասոցացման համաձայնագրից և նախաստորագրել փաստաթղթի միայն քաղաքական մասը:

 

 

Նշենք, որ Հայաստանի ԵՄ ասոցացված անդամության շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու հանրապետության մտադրության մասին: Եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, թե ՄՄ կանոնները հակասում են ասոցացման համաձայնագրի նորմերին, մասնավորապես, դրա տնտեսական ասպեկտներին, որոնք սահմանում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիրը: Ի պատասխան' Հայաստանի նախագահը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ Երևանը պատրաստ է նախաստորագրել ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը' առանց դրա տնտեսական բաղադրիչի (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի):