Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն:
Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը միջպետական կապերը երկու բարեկամ պետությունների միջև զարգացնելու և ամրապնդելու գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի պարբերական փոխայցելություններն ու ակտիվ շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, և դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը:
ՀՀ Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ-մեքսիկական համագործակցության խորացման համար ընդգծել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և ընդլայնման կարևորությունը:
Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը ևս, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու: