ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել են վերընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն:

 

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը և Ուրուգվայն ունեն փոխադարձ հարգանքի, վստահության և պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերություններ: Գալուստ Սահակյանը կարևորել է ՀՀ Նախագահի այցը Ուրուգվայ, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես նաև ստեղծվել են նոր հեռանկարներ երկու երկրների հետագա համագործակցության համար: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը՝ խորհդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Աստորիի այցը նույնպես կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը:

 

Խոր ակնածանքով հիշելով 1965 թվականին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը: Խոսելով Ուրուգվայի հայ համայնքի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն այսօր սփյուռքի բարգավաճող և կայացած համայնքներից մեկն է, որը ներկայացված է նաև Ուրուգվայի պետական կառավարման համակարգում:

 

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև այսօրվա մեր քաղաքական գերխնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծում տալուն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ գործունեությանը հակազդելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է հայ-ուրուգվայական համագործակցության բարձր մակարդակը միջազգային կազմակերպություններում և Ուրուգվայի հավասարակշռված մոտեցումը ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձևերի քվեարկ ության ժամանակ:

 

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ այս այցը լավ առիթ է հարաբերությունները խորացնելու համար: Դանիլո Աստորիի խոսքով՝ Ուրուգվայն ունի նորընտիր կառավարություն, որը նունպես ձգտում է զարգացնել և ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ երկու բարեկամ երկրներն ունեն շատ ընդհանրություններ՝ իրենց պատմության, ավանդույթների, մշակույթի վրա հիմնված: Պարոն Աստորին կարևորել է Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը և ազգանպաստ գործունեությունը:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի մոտեցմանը՝ նա նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի: Նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

 

Այնուհետև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահը ԱԺ նախագահի կողմից պարգևատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով: Հանդիպման ավարտին Դանիլո Աստորին գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում՝ մաղթելով հայ ժողովրդին շարունակել պայքարը հանուն խաղաղության և արդարության, որպեսզի չկրկնվի պատմությունը: