ՆԱՏՕ-ն մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստվում է աշխատանքային հարաբերությունների զարգացման նոր ուղիների մշակել: Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով հանրային քննարկումը' կազմակերպված Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։
Միջոցառումը միտված է չեզոք պլատֆորմ ծառայել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքի քննարկման համար' ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համատեքստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, գնահատելով Հայաստանի հետ փոխհարաբերությունները, նշեց, որ գործընկերային հարաբերությունները Հարավային Կովկասի երեք երկրների հետ էական նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի հետագա գործողությունների և առաքելությունների իրականացման համար:
Հայաստանը եզակի դեր ունի որպես ՆԱՏՕ-ի գործընկեր: Հատկապես կարևոր էր ՀՀ նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին»,- ասաց դեսպանը' հույս հայտնելով, որ գագաթնաժողովը հիմք կհանդիսանա ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար:
Նրա գնահատմամբ' գագաթնաժողովի հիմնական արդյունքը գործողությունների պլանի մշակումն էր: Մասնավորապես' գագաթնաժողովի ընթացքում մի շարք որոշումներ են կայացվել պաշտպանության կարողությունների զարգացման և ընդլայնման, 24 գործընկեր երկրների, այդ թվում' Հայաստանի հետ աշխատանքային հարաբերությունների զարգացման ուղիների մշակման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններին, Լիչը նկատեց, որ Ռուսաստանն ինքն է ընտրել ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և իրենք ստիպված են պատասխանել: «ՆԱՏՕ-ի հիմնական ուշադրության կենտրոնում են լինելու պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ:
Մենք պետք է ստեղծենք արագ արձագանքման բարձր պատրաստվածության օպերատիվ խմբեր, որոնք ի վիճակի կլինեն պատասխան տալ 48 ժամվա ընթացքում»,- նշեց դեսպանը:
Իսկ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի գնահատմամբ' գագաթնաժողովի նվաճումներից մեկը մտածելակերպի փոփոխությունն էր, որն իր հերթին ենթադրում է ռազմական գործողություններից անցում դեպի ազգային բանակների վերապատրաստում:
Հայաստանի մասով' ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշեց, որ գործընկերությունը մեր երկրի հետ շարունակելու է: «Առաջին անգամ Հայաստանի համար իրականացվելու է մասնագիտական զարգացման ծրագիրը, որը նախատեսված է առանձին սպաների և զինծառայողների վերապատրաստման համար:
Մենք արդեն ստացել ենք առաջին ֆինանասական միջոցները Հայաստանում վերապատրաստումներն սկսելու համար և այս շաբաթ քննարկումներ ենք անցկացնելու ծրագիրն իրականացնելու վերաբերյալ»,- հայտնեց Լահյուն: