Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն Գինիների Գործարանի մոտ բախվել են «Range Rover» մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի, «Lexus» մակնիշի 34 ՍT 995 համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի և Mercedes-Benz ML 350 մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնց առաջին օգնություն ցուցաբերել են քաղաքացիները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, մի քանի երիտասարդներ, «Range Rover» -իվրայից հանել էին համարանիշները, սակայն հետո ոստիկանների պահանջով, «խելոք աշակերտի» նման համարանիշները գլխիկոր տեղադրեցին , «Range Rover» -ի վրա:

 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, սակայն «Range rover»-ի համար վթարի վայր ժամանած մի քանի երիտասարդներ, փորձում էին համոզել ոստիկաններին, թե. «Շոֆերը մեր երեխան ա եղել, ինչ կլինի իրա ավտոն գաի չտանեք» : Սակայն ոստիկանները բոլոր ավտոմեքենաները տեղափոխում են «գաի պլաշադկա»:

 

Ըստ վթարի վայրում հավաքվածների, վթարի մեղավորը եղել է «Range Rover»-ի վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ով, տեսնելով որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում է վթարի վայրը, անհասկանալի հայերենով, ինչ որ հոդաբախշ բառեր էր արտահայտում: Իսկ վթարի վայրում հավաքվածներից մի քանիսն էլ հայտնում էին. «Ռենջը մեծ արագությամբ բարձրանում էր, խփեց լեքսուսին, լեքսուսն էլ իր հերթին բախվեց հանդիպակաց երթևեկող վոլգային, վոլգայի վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան բախվեց մերսեդեսին»:

 

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը` shamshayn.com-ում: