«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ՝ երեկոյան, մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ։ Փաստորեն, ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպելու է ոչ թե իր ռուս պաշտոնակցի, այլ ընդամենը նրա տեղակալի հետ։
Իսկ սա, թերևս, կարելի է համարել ամոթալի երևույթ, առավել ևս, որ նախօրեին Տ. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ, ու ըստ շրջանառվող լուրերի՝ Մեդվեդևն ինքը չի ցանկացել ընդունել ՀՀ վարչապետին։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Տ. Սարգսյանը Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ից հերթական անգամ վարկային միջոցներ է խնդրել, «աչքալուսանք տվել», որ նախորդ 500 մլն դոլարը ժամկետից շուտ են վճարել։ Բայց այդպես էլ Դ. Մեդվեդևին համոզել չի հաջողվել։ Ու, հավանաբար, դա է պատճառը, որ դրանից հետո նա անձամբ է մեկնել Մոսկվա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: