«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներից մեր համաքաղաքացիներից ոչ բոլորն են ոգևորված։ Հատկապես մեծահասակները Tert.am-ի հետ զրույցում անկեղծացան, որ բոլորովին էլ չեն զգում տոնական ոգևորություն, չնայած որ կենտրոնական փողոցներում հին երևանյան երգեր են հնչում։
«Բո ոնց չեմ զգում, ոգևորված եմ շատ ուժեղ»,- հեգնանքով արձագանքեց քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, այնուհետև արդեն ավելի լուրջ ավելացրեց։ «Ինչի՞ պետք է ոգևորվեմ, սոված մարդիկ ինչո՞ւ պետք է ոգևորվեն, երկու փուչիկով հո բան չես փոխի»,- ասաց նա։
Քաղաքացին հավատացրեց, թե սովետական տարիներին, երբ ինքը երիտասարդ էր, տոնական շքերթներին մասնակցում էր ի սրտե ուրախանալով։ «Ստիպողական մարդկանց բերել են»,-ասաց նա և հավատացրեց, թե ժամանակին իրենց ստիպողաբար չէին բերում։
«Իսկ էսօր ասում են, թե մեր ապագան հուսալի ձեռքերում է։ Ի՞նչ ապագա, մարդիկ թողած գնում են»,- դժգոհեց նա։
Մանկական զբոսայգում կարուսելների աշխատակիցը շատ խոսելու տրամադրություն չուներ։ Նա միայն նշեց, թե տարեց տարի այգի ավելի ու ավելի քիչ երեխաներ են գալիս։ «Նախորդ տարիներին տոներին գիտեք ինչքան էին գալիս այգի, էսօր առավոտից հաշված մարդիկ են այգի եկել»,- նշեց նա։
Ամիրյան փողոցի բակերից մեկում նստած տարեցները շնորհավորեցին Երևանին 2795 տարեկան դառնալու համար, բայց միջոցառումներին մասնակցելու մտադրություն չունեին։
«Շատ ուրախ են, շատ տրամադրված ենք, բայց որ փող չկա գրպաններս, արդեն չենք կարողանում տոնը նշենք, ոնց որ պետք է։ Մի հատ կազմակերպություն լիներ օգներ մեզ»,- ասաց տարեց երևանցի Գուրգեն Գրիգորյանը, որն, ի դեպ, քաղաքի զարգացում այդուհանդերձ նկատում էր։
Նրա զրուցակիցը միայն շնորհավորանքով բավարարվեց. «Շնորհավորում եմ, թող մեր ազգը հաջողության մեջ լինեն, անփորձանք լինի, ժողովրդի վիճակն էլ կարգավորեն։ Մեր ազգը լավ ազգ ա»։