ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 14-ին կրկին հետաձգել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը։
Պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը: Այս դատական նիստի ընթացքում դատարանը որոշել է, որ բողոքի քննությանը բացատրություններ տալու համար պետք է մասնակցի նաև քննիչը. «Դեռեւս առաջին ատյանի դատարանը որոշեց, որ քննիչի բացակայությամբ կարող է գործը շարունակվել, իսկ այսօր այդ որոշումը վերանայվեց։ Կարծում եմ՝ իրական պատճառը գործի ավելորդ ձգձգումն է»։
Դատավորը պատճառաբանել է, որ տուժողն աշխատում է, եւ քանի որ Երեւանում չէ, որոշակի խնդիրներ կան նրա աշխատանքից հետո քննչական գործողություններ կատարելու հետ կապված։
Բացի դրանից, ըստ փաստաբանի, Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը քննելու իրավունք պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը չունի, եւ վաղուց պետք է գործից մաս անջատեր եւ ուղարկեր համապատասխան մարմին, որը եւս չի արվել։
Միաժամանակ, Արա Զաքարյանն ասաց, որ պաշտպանական կողմը չի առարկում, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատության մեջ գտնվի համաներման ակտով նախատեսված հիմքերով. «Կալանավորվելու օրվանից Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, ոչ մի փաստաթղթի չեն ծանոթացրել, եւ անհասկանալի է, թե ինչու են նրան զրկել ազատությունից, եթե նրա հետ կապված անելիքներ չունեն»:
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին։