Մարտի 31-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստը, որը, սակայն, անկախ հանձնաժողովի ներկայացուցչի ներկա չլինելու պատճառով հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը:

Նշենք՝ Վոլոդյա Ավետիսյանը և իր պաշտպանը դատարանում պայքարում են վաղաժամկետ ազատ արձակման համար, բողոքարկելով հանձնաժողովի կողմից հայցի մերժումը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը բարկացած նշեց. «Ի՞նչ է, իրենք չունեի՞ն անկախ հանձնաժողովի ներկայացուցչի հեռախոսահամարը, որ զանգեին. գուցե ճանապարհին էր, գալի՞ս էր: Այս ամենը ցույց է տալիս, որ թքած ունեն օրենքի վրա: 

Մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը, հավանաբար, ազատ կարձակվի: Երբ կիրառում են դատապարտյալի ազատ արձակումը, պետք է հաշվարկեն կալանքի վերցնելու պահից, բայց մեզ ասացին՝ այդպես չէ, որ օրինական ուժի մեջ մտնելուց հետո են հաշվում, սակայն այստեղ ևս անհամապատասխանություն կա օրենքի հետ կապված»: 

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ եթե կալանավայրի ադմինիստրացիան համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանը ուղղվում է, խախտումներ չունի, կարող է ազատության մեջ լինել, հանձնաժողովի անդամները ինչի՞ց ելնելով են մերժում նրա պահանջը. «Միայն գրում են մերժել, սակայն չեն գրում դրա պատճառը: Այ սա՛ է բռնատիրական ռեժիմի վառ ապացույցը»: 

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Գևորգ Սարգսյանի կարծիքով՝ այս ամենը կատարվում է քաղաքական նկատառումներով. «Ազգի հերոս, պատերազմի մասնակից տղա է, փոխանակ շուտ բաց թողնեն, հակառակն են անում: Սա հերթական սադրանք է, դրա համար էլ նիստը չկայացավ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք պատրաստվում են բոյկոտել: 

Մեզ հետ զրույցում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը նշեց. դատական նիստը դիտավորյալ է հետաձգվում. «Գիտեն, որ նորից դուրս եկավ  կպայքարի, դրա համար են դատը հետաձգում: Ընտրությունների պատճառով ազատ չեն արձակում, որ դուրս չգա բոյկոտի, դեմն առնում են»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ:

Սոնա Հարությունյան