Հրազդան քաղաքի բնակիչ 29-ամյա Մհեր Կոկորյանը գիշերով ընտանիքի անդամներին դուրս է հանել տնից եւ հարձակվել օգնության շտապած ոստիկանների վրա: Այս մասին NEWS.am լրատվականը տեղեկացել է Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից և պարզել, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Համաձայն գործի նյութերի` 29-ամյա Մհեր Կոկորյանը գիշերը Հրազդան քաղաքի իրենց բնակարանում, վիճաբանել է ընտանիքի անդամների հետ եւ վերջիններիս դուրս է հանել բնակարանից, որից հետո նրա մայրը' Նեկտար Մ.-ն զանգահարել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ տեղեկացրել կատարվածի մասին: Ահազանգի հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է նրանց տուն:
Ոստիկանները, հանդիպելով հասարակական կարգը խախտած Մհեր Կոկորյանին, փորձել են կարգի հրավիրել վերջինիս, սակայն սակայն նա չի ենթարկվել, դիմադրություն է ցույց տվել եւ պոկել է օպերատիվ խմբի անդամներ ոստիկանության Հրազդանի բաժնի ավագ տեղամասային տեսուչ Արթուր Պետրոսյանի եւ տեղամասային տեսուչ Վոլոդյա Բաբայանի ուսադիրները:
Հարուցվել է քր. գործ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: