Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Ողջունելով հյուրերին` Ժերար Կոլոմբը նախ, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ ընթացիկ համաժողովի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է այդ հարաբերությունների կարևորությունը, ապա նկատել, որ երկու երկրների համայնքների միջև հետզհետե ընդլայնվող և ամրապնդվող գործընկերային կապերն իրենց հերթին ապացուցում են, որ Հայաստանը և Ֆրանսիան իրապես շահագրգիռ են երկու երկրների կապերի խորացման հարցում: Երևանի և Լիոնի միջև առկա գործընկերային հարաբերություններն օրինակելի գնահատելով՝ Ժերար Կոլոմբը նաև նկատել է, որ դրանք զարգացման լուրջ հեռանկարներ ունեն և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է երկու քաղաքների միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնելու երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամության համար' քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանն ու Լիոնը համագործակցության զարգացման լուրջ ներուժ ունեն, և վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս շահագրգիռ է հարաբերությունների էլ ավելի խորացման հարցում: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Ժերար Կոլոմբին Երևանում հյուրընկալելու իր պաշտոնական հրավերը' միասին նշելու երկու քաղաքների բարեկամության 20-ամյակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն