«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած՝ Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար, որի շրջանակում նախորդ օրը երկու քաղաքապետերը ստորագրել են նաև Երևանի և Կրասնոդարի միջև համագործակցության համաձայնագիր, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ըստ այդմ արդեն առաջիկայում գործնական ծրագրեր կիրականացվեն նաև Կրասնոդարի հետ. «Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի ունենալ արդյունավետ համագործակցություն:
Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Կրասնոդարի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու համաձայնագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը համագործակցություն հաստատելու առաջարկը սիրով ընդունելու և այն համաձայնագրի վերածելու, ինչպես նաև Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար' Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերը գործնական ընթացք ստանան. «Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաև վստահելի ու հեռանկարային գործընկերության, որի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Կրասնոդարում:
Ի դեպ, խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ առաջին անգամ եմ Երևանում և Ձեր հրաշք քաղաքն իսկապես գերել է ինձ ու մեր պատվիրակության բոլոր անդամներին: Ակնհայտ է, որ քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ Դուք լուրջ և հետևողական ծրագրեր եք իրականացնում, ինչն, անշուշտ, տպավորիչ է և ոգևորող, որ մեր համագործակցությունը ևս կլինի արդյունավետ»,- ընդգծել է Կրասնոդարի քաղաքապետն ու օգտվելով առիթից' պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին հյուրընկալվել Կրասնոդարում:
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն