Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի հետ:

 

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Մորիսը նախ իր անթաքույց գոհունակությունն է հայտնել առ այն, որ համաժողովն անցկացվելու է Վալանս քաղաքում:

 

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ապակենտրոնացված համագործակցությանը՝ Ալեն Մորիսը նկատել է, որ սա լավագույնս խոսում է երկու պետությունների միջև առկա բարեկամական ամուր հիմքերով համագործակցության ընդլայնման մասին:

 

Բարձր գնահատելով համայնքների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը՝ Վալանսի քաղաքապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա բոլոր կողմերի համար' հարաբերություններն առավել սերտացնելու տեսանկյունից:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նկատել է, որ քաղաքների և ռեգիոնների միջև համագործակցությունն իսկապես արդյունավետ գործիք է ինչպես երկուստեք փոխշահավետ գործակցության, այնպես էլ փորձի փոխանակման տեսանկյունից: Ընդ որում, Տարոն Մարգարյանը նկատել է, որ հատկապես քաղաքային համայնքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումները և որ համաժողովն իսկապես լավ հարթակ է լուծման եղանակների քննարկման ու դրանք կիրառելի դարձնելու տեսանկյունից:

 

Մեկ անգամ ևս ողջունելով հյուրերին՝ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը հույս է հայտնել, որ այս համաժողովը ևս կանցնի արդյունավետ, ինչպիսին էր առաջին համաժողովը, որն անցկացվել էր Երևանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն