Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր բանդայի գործով դատական նիստը: Գործով արդեն 5 ամբաստանյալներից դատարան էր ներկայացվել միայն Քյարամ Ամոյանը: Այս մասին տեղեկանում ենք 168.am կայքից: Ըստ կայքի տեղեկությունների` դատավոր Մխիթար Պապոյանն ասել է, որ քրեակատարողական հիմնարկից դատարան հասցեագրված նամակով տեղեկացրել են, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը գանգատվել է առողջության վատացումից և ենթարկվել բուժզննության: ՔԿՀ-ից տեղեկացրել էին նաև, որ նշանակված է դեղորայքային բուժում, երկօրյա անկողնային ռեժիմ:

 

Քրեակատարողական հիմնարկից Պապոյանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել են, որ ամբաստանյալ Սամվել Դավթյանը չի ցանկանում ներկայանալ դատական նիստին. «Շորերը իր վրայից հանել է և հայտնում է, որ ես չեմ ներկայանալու դատական նիստին: Այդ պատճառով նրա ներկայությունը չեն կարողացել ապահովել»:

 

Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասել է, որ իր պաշտպանյալը երեկ գանգատվել է առողջության վատացացումից, սակայն ՔԿՀ-ում վերջինիս բժշկական օգնություն ցույց չեն տվել:

 

Լրատվամիջոցի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասել է, որ իր կարծիքով՝ ամբաստանյալի այդ գործողությունները կապված են հենց այդ հանգամանքի հետ: Նա նաև նշել է, որ ամբաստանյալը նախկինում տառապել է թոքախտով, առողջական խնդիրների բարդացում ունի կապված խոշտանգումների հետ: Պաշտպանն ահազանգել է բանտային դիտորդական խումբ, որպեսզի վերջիններս գնան, տեսնեն՝ ինչ է կատարվում ՔԿՀ-ում: