Մոսկվայում կայացած նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ողջ հայ ժողովրդի անունից արված հայտարարության վերաբերյալ Lurer.com-ը հարցեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին.
-Դուք, անընդհատ շփումների մեջ գտնվելով Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ի՞նչ եք կարծում' ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ:
-Մաքսային միությանը Հայաստանին անդամակցելու քաղաքական գնահատականներն արդեն տրված են ՀՀ նախագահի ելույթներում: ԱՊՀ տարածքում ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև մեր տնտեսագետների հիմնավորումները փաստում են, որ բիզնես գործունեությունը շատ կդյուրանա: Պատասխանելով Ձեր այն հարցին, թե «ինչ խնդիրներ կարող են առաջանալ», կասեմ, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծված են 7 աշխատանքային խմբեր կան, որոնք կոչված են քննելու և գտնելու բոլոր խնդիրների լուծումները: Բոլորս էլ գիտենք, որ մեր անկախությունից հետո Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմաքաղաքական գործընկերն է:
-Ըստ Ձեզ' որո՞նք կլինեն այդ անդամակցությունից Հայաստանի ձեռքբերումները և առավելությունները, որոնցից կարող են օգտվել սփյուռքահայերը։
-Հաշվի առնելով մեր տնտեսության կառուցվածքը, տնտեսության ապագա զարգացումները, օգտակարության աստիճանը' որոշվել է, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: Ակնհայտ է, որ ի նկատի է առնվել նաև ԱՊՀ տարածքի շուկան, որտեղ հայ գործարարները ակտիվ գործունեություն են ծավալել, ինչպես նաև Հայաստանում ներդրումները Մաքսային միությունում կնպաստի նաև սփյուռքի ներդրումների զարգացմանը: Օրինակ, վերջերս կայացած մեր հանդիպումները բարձր տեխնոլոգիաների ոլորտի (հիմնականում համատեղ ձեռնարկություններ են) ներկայացուցիչների հետ փաստում են, որ նրանք պատրաստվում են իրենց գործունեությունը սկսել նաև Մաքսային միության տարածքում:
-Խնդրում եմ' նաև հայտնեք Ձեր տեսակետը' որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե որպես ՀՀԿ անդամ կամ Սփյուռքի նախարար։
-Որպես ՀՀ քաղաքացի' կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը ճիշտ է: Այն բխում է հայ ժողովրդի անվտանգության շահերից: Հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, և այսօր երկու երկրները վստահելի դաշնակցային գործընկերներ են: Ուրախ եմ, որ Հայաստանը շարունակում է գտնել համակողմանի, փոխշահավետ համագործակցության ձևեր նաև Եվրամիության հետ: