Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ:
Հանդիպման թեման էր՝ «Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում»: Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մենք պարտավոր ենք լինել ամենակազմակերպվածը, որովհետեւ մենք կանգնած ենք քաղաքացու կողքին, արդարության կողքին»:
Նշելով, որ մեր ազգային գաղափարախոսությունը հիմնված է հավատքի վրա, Բաբկեն Վարդանյանն ընդգծեց՝ պետք է մարդու մեջ բարձրանա ներքին որակը, հոգեւոր որակը, բարոյական որակը, ինչն իր հերթին կտանի համապատասխան կենցաղավարության:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հայ ազգի, Հայաստանի եւ հայոց պետության բոլոր խնդիրների արագ ու ամբողջական լուծման միակ ճանապարհը քրիստոնեական կյանքով ապրելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ազգային վերածնունդ, հայրենիքի վերակերտում եւ պետականության ամրապնդում՝ Աստծո հավատքով, դրանից բխող եւ դրա վրա հիմնված ազգային գաղափարախոսությամբ ու բարոյականությամբ:
Մեր նախնիները տվել են մեզ արժանավոր ապրելու, հարատեւելու բանալին. դա հավատքն է՝ այս գաղափարն էր հանդիպման առանցքը: