ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

2014-ի տարեմուտը բնութագրական է նրանով, որ ոստիկանության արմատական բարեփոխման ոչ թե հերթական տարին, այլ եռամյակն ենք ամփոփում, ինչը նշանակում է որակական անցում ոստիկանական համակարգի պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի:

 

Մենք խնդիր էինք դրել նորացնել ամեն ինչ՝ սկսած ոստիկանության գաղափարախոսությունից մինչև ոստիկանի համազգեստ, հասնել մասնագիտական պատրաստականության, տեխնիկական հագեցման, անձնակազմի սոցիալական ապահովության նոր աստիճանի: Եվ բարեփոխումների եռամյա պլանով նախատեսված խնդիրները կատարված են: Արվել է, թերևս, ամենակարևորը՝ ոստիկանության հետևողական քաղաքականության շնորհիվ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ, նաև՝ բարձրացել է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը:

 

Ամենադժվարը կարծրատիպերը կոտրելն է: Անցած երեք տարիների ընթացքում մեզ դա հաջողվեց, և հասարակությունն այսօր աշխատում է ոստիկանության, իրավապահի հետ, ում մեջ միավորված են ոստիկանն ու քաղաքացին:

Իրոք, մեծ աշխատանքի ճանապարհ անցանք, սակայն արվածով բավարարվելը մեր գործելակերպը չէ: Կանգ առնելը ոչ թե լճացում, այլ հետընթաց կնշանակի: Ուստի շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների՝ այլընտրանք չունեցող ճանապարհով:

 

Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալներն ու բացթողումները, համակարգ բերել նոր մտածելակերպով ու սկզբունքներով օժտված ոստիկանների սերունդ: Շարունակելու ենք ձևավորել այն ոստիկանությունը, որը պահանջում են ժամանակն ու ժողովուրդը: 2015 թվականը ոչ թե հանգրվան, այլ նոր սկիզբ է լինելու, բարեփոխումների երկրորդ եռատարվա սկիզբ:

 

Համոզված եմ, որ հավատով ու պատվախնդրությամբ ենք իրագործելու նաև այդ փուլը՝ ևս մեկ քայլ մոտենալով կայացման այն կետին, երբ մեզնից հետո եկողներին արդեն հարկ կլինի ոչ թե ստեղծել նորը, այլ հավելել մեր ստեղծածին՝ հանուն ապագա նորագույնի:
Մենք հավատո՛ւմ ենք մեր ընթացքին:

 

Շնորհավոր Նոր տարի:

Շնորհավոր մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը, որ ապավեն է մեզ բոլոր ձեռնարկներում:

Աստված ձեզ պահապան»: