Հոկտեմբերի 19-ին Վրաստանի պատրիարքությունում հուշագիր է ստորագրվել, ըստ որի ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերությունը մեկ տարի շարունակ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից մինչ 2014 թ նոյեմբերի 1-ը, անվճար գազ կմատակարարի Վրաստանի տարածքում գործող բոլոր եկեղեցիներին և բոլոր կրոնական կառույցներին:
SOCAR ընկերության նախագահ Ռովնահն Աբդուլաևը հայտարարել է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարը դիմել էր իրեն' խնդրելով նվազեցնել երկրի կրոնական կառույցներին մատակարարվող գազի գինը, և Իլհամ Ալիևի հանձնարարականով որոշում է կայացվել Վրաստանի բոլոր կրոնական կառույցներին, և ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, այդ թվում նաև Հայկական Առաքելական Եկեղեցուն մեկ տարի շարունակ անվճար գազ մատակարարել:
Հուշագրի ստորագրման ժամանակ ներկա գտնվող Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահ ընտրվելու կապակցությամբ, նրանից շնորհակալություն է հայտնել կրոնական կառույցների վերաբերյալ նման որոշում կայացնելու համար և ընդգծել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կդառնան Անդրկովկասում խաղաղության հիմք: