Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր տեղի է ունեցել Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը:
Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ՄԱԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Շարժայի հայ համայնքի անդամներ և հյուրեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված վանքի բացման և օրհնության արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիկոպոս Պետրոսյանը: Սրբազանն իր ուրախությունն է արտահայտել շնորհիվ Շեյխ Քասիմիի վանքի հիմնանորոգության և բարեկարգման առիթով' ընդգծելով, որ այն սիրելի ուխտավայր է ինչպես հայորդիների, այնպես և Հայաստան այցելող օտարների համար: Եզնիկ Սրբազանը նաև անդրադարձել է վանքերի կարևոր պատմական դերակատարությանը' ընդգծելով, որ բարենորոգված Հաղարծինն այսուհետ լիարժեք գործելով կվերագտնի իր հիմնական առաքելությունը' դառնալով միջկրոնական երկխոսության գործնական վկայությունը:
Այնուհետև իր սրտի խոսքն ասաց տիար Համիդ Դիյա Ջաֆարը: Շնորհավորելով վանքի վերաբացման առիթով' տիար Ջաֆարը ամենքին փոխանցել է Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ափսոսանքը, որ չի կարողացել անձնապես ներկա գտնվել այս հատկանշական և մեծ իրադարձությանը: Շարժայի կառավարչի նվիրակն անդրադարձավ նաև Արաբական աշխարհում և մասնավորապես Միացյալ Արաբական Էմիրություններում բնակվող հայերի նկատմամբ արաբ ժողովրդի վերաբերմունքին: «...Արաբական աշխարհը մասնավորապես, հակառակ որ հիմնականում մահմեդական է, միշտ գնահատել է հայերին որպես եղբայրների և նրանց համար անվտանգ կեցություն ապահովել: Հայերն էլ իրենց հերթին դարեր շարունակ Արաբական աշխարհը ամենահարմար վայրն են նկատել իրենց ազգային ինքնության պահպանության համար և ի պատասխան' մեծապես նպաստել են իրենց երկրների շենացմանը' հաջողությամբ նեգրավվելով առևտրի, արհեստների և այլ ոլորտներում:
Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին միշտ բարձր է գնահատել Շարժայի հայ համայնքին՝ որպես հասարակության բարեպաշտ, հավատավոր, վստահելի և աշխատասեր անդամների, ընդգծելով հատկապես հայորդիների սերը գիտելիքի և կրթության նկատմամբ: Նորին Գերազանցության սերն ու գնահատանքը Շարժայի հայ համայնքի հանդեպ լավագույնս դրսևորվեց, երբ նա տարածք նվիրաբերեց Արաբական Միացյալ Էմիրություններում միակ հայկական եկեղեցու կառուցման համար, որն օծվեց 1998 թվականին», - նշել է Համիդ Ջաֆարն իր խոսքում' հավելելով, որ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմին մեծապես հպարտ է նաև պատմական Հաղարծնի վանական համալիրի վերանորոգության գործում ներգրավված լինելու համար: