ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հնարավորինս անկախ և ինքնակառավարվող դատական իշխանության նոր մարմին' դատավորների խորհուրդ, դատավորների միջև գործերի բաշխման նոր, արդյունավետ համակարգ, ներդնել դատարանների և դատավորների կողմից հաշվետվության պարտադիր ներկայացման սկզբունքը, դատարանի նախագահներ նշանակել սահմանափակ ժամկետով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում առավել կապահովվեն միգրանտների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ:
Նիստում հավանություն է տրվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է դրոշմապիտակների միջոցով կանխարգելել և նվազեցնել կրիչների ստվերային շրջանառությունը և դրա հետ կապված ստվերային գործարքները:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կառավարությանը լիազորություն տալ սահմանելու կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Արա Բաբլոյանն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում' Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ արգելելով ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանելով այդ դրույթի խախտման համար: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Կառավարությունը քննարկել է «հարկերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հարկի դրուքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդ ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից: Գործադիրը գտնում է, որ փաթեթում ընդգրկված առաջին օրինագիծը լրամշակման կարիք ունի, իսկ երկրորդը փաթեթից անհրաժեշտ է հանել: Հավանություն է տրվել կառավարության համապատասխան եզրակացության նախագծին:
Գործադիրը քննարկել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Նրանք առաջարկում են նշված օրենքի «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով: Կառավարությունը մինչ այդ արդեն ԱԺ էր ներկայացրել օրենքը փոփոխելու օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ հնարավոր կլինի անդրադառնալ պատգամավորների մտահոգությանը:
Նիստում քննության է առնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նախագծի ընդունումը թելադրված է քաղաքացիաիրավական հարաբերությունների առավել հստակ կարգավորման, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների բոլոր իրավունքների և օրինական շահերի ապահովման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Այնուհետև նիստում քննարկվել է ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորն առաջարկում է ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը ներմուծելու համար մշտական բնակության նպատակով ՀՀ-ում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրվա ժամկետային սահմանափակումը փոխարինել հաջորդող 360 օրով, ինչը կառավարությունը նպատակահարմար չի համարում:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են երեք և ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը և ստաժի համար սահմանված օրացուցային տարիները պակասեցնելու ճանապարհով խրախուսել բազմազավակությունը: Կառավարությունն իր եզրակացությամբ մատնանշել է նախագծի անընդունելի դրույթները և նպատակահարմար չի համարել դրա ընդունումը:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նշված օրենսգրքի հոդվածներից մեկը հնարավորություն է տալիս ճնշել խոսքի ազատությունը և կաշկանդել լրատվամիջոցների գործունեությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: