«Վարդանանց փողոցի վրա տեղակայված շինանյութերի տոնավաճառը, որին ժողովուրդն ասում է Գնունու շուկա, պատկանում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Սլավիկ Ավանեսյանին: Վերջինս ծագումով ղարաբաղցի է, եւ փոխքաղաքապետ աշխատել է այն տարիներին, երբ Երեւանի քաղաքապետն էր ծագումով Շամխորից Երվանդ Զախարյանը»,-գրում է Newsbook.am-ը և հավելում, որ իր տեղեկություններով Սլավիկ Ավանեսյանն վերջերս սկսել է շուկայում նոր հարկային քաղաքականություն իրականացնել։ Բանն այն է, որ նա տարածքները՝ տաղավարի տեսքով, վարձակալության է հանձնում ՀՀ քաղաքացիներին։

 

Լրատվամիջոցի  տեղեկություններով 8 քառակուսի մետրանոց տարածքի համար նա պահանջում է 300 հազար ՀՀ դրամ, մինչդեռ պայմանագրում նշվում է բոլորովին այլ թիվ, դրա ուղիղ կեսը՝ 150 հազար ՀՀ դրամ։ Փաստորեն, սույն գործարարը խաբում է պետությանը, մասնավորապես հարկային մարմիններին՝ նրանց ցույց տալով իր եկամուտի կեսը։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցները ասել են, որ եթե իրենք հրաժարվեն պայմանագրերը կնքել ցածր գումարով, ապա սեփականատերը նրանց պարզապես չի տրամադրի այդ տաղավարները։

 

«Սլավիկ Ավանեսյանը մարդկային պայմաններ չի ապահովում տոնավաճառի աշխատակիցների համար։ Այստեղ գործող սանհանգույցն էլ առանձին բիզնես է դարձել Ավանեսյանի համար։ Տոնավաճառի աշխատակիցները ստիպված են զուգարան գնալու համար էլ առանձին վճարել․ խոսքը 50-100 դրամների մասին է»,-գրում է կայքը։