Վարդան Պետրոսյանը վարել է բարձր արագությամբ, չի պահպանել համապատասխան տարածություն, եւ փորձել է վերջին պահին արգելակել. ավտոմեքենաների հետքերից երեւում է, որ իր մեքենայի արգելակման արդյունքում ինքը մտել է «Նիվայի» տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նա ասել է, որ  «Նիվա» մեքենան վնասվածք է ստացել ետեւից, իսկ ավտոմեքենան, որը վարել է Վարդան Պետրոսյանը, առջեւից է վնասված եղել եւ վթարի մեխանիզմը ինքնին հասկանալի է: «Միայն մեկ հարց պետք է տալ, որ պարզել ինքը անմեղ է, թե չէ, այն է՝ վթարին նախորդող պահին ի՞նչ ձեւ է շարժվել «Նիվա» մակնիշի մեքենան:

 

Մի դեպքում կարող է Վարդան Պետրոսյանը անմեղ դուրս գալ, եթե ըստ թողնված հետքերի, պարզվի, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարին նախորդած պահին կտրել է Վարդան Պետրոսյանի մեքենայի դեմը, մտել է իր երթեւեկելի գոտի, միայն այդ դեպքում Վարդան Պետրոսյանը անմեղ կճանաչվի, մնացած դեպքերում ակնհայտ է, որ Վարդան Պետրոսյանը չի պահպանել համապատասխան տարածությունը, արագությունը եղել է բարձր, որի պատճառով էլ վթարի պատճառ է հանդիսացել»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Եթե ոստիկանության կողմից արված պրոֆեսիոնալ լուսանկարները տրամադրեն իրեն, ինքը համադրում կանի եւ կարող է միանշանակ ասել, թե վթարը ինչպես է եղել, բայց համացանցում առկա լուսանկարները այդքան էլ որակյալ չեն, մի ուղղվածության են:Այս մասին ասել է  փաստաբանը շեշտել, որ ցավոք դեռեւս մեր մոտ չկա այնպիսի փորձագիտական մեթոդիկա, որը հստակ, 100 տոկոս ցույց տա եւ մոդելավորի, թե վթարը ինչպես է եղել, ինչը վաղուց կա եվրոպական երկրներում:

 

Ըստ փորձագետի` Վարդան Պետրոսյանին սպասվում է 4-10 տարի ազատազրկում այն դեպքում, եթե հաստատվի նրա մեղավորությունը, բայց նախատեսվում է բաց ռեժիմ, այսինքն՝ անձը ցերեկը լինում է դրսում, երեկոյան անց է կացնում ուղղիչ աշխատանքային գաղութում:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

 

Ավելի ուշ Վազ 2121 մակնիշի մեքենայից եղբայրներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, չորս անչափահասների վիճակը ծանր է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: