22-ամյա Մնացական Ս.-ն գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում ծեծել է Վոլոդյա Ս.-ին եւ պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել է, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Մնացական Ս.-ն հոկտեմբերի 7-ին ժամը 22:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երեւանյան 36 հասցեում գտնվող գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ Վոլոդյա Ս.-ի հետ: Ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս ճակատի ձախ կեսի վերհոնքային, գլխի աջ կեսի գագաթա-քունքային, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի թիակային, կրծքավանդակի ձախ կեսի եւ դրա հետին կողմնային մակերեսների շրջաններին` Վոլոդյա Ս.-ի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս:

 

Այսինքն` Մնացական Ս.-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: