«Անցած շաբաթ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի աղմկահարույց` «Հայ Աթեստը Հայ չէ» արտահայտությունը մեծ քննարկումների առիթ դարձավ: Երեկ, սակայն, Տեր Ասողիկը դրա վերաբերյալ Asekose.am-ի թղթակցին պարզաբանում է տվել, ինչն ավելի շատ առաջ է բերել հարցեր, քան թե տվել անհրաժեշտ պատասխաններ:
Տեր Ասողիկը մանավորապես հիշել է կոմունիստ հայ աթեիստներին, ովքեր հոգևորականի բնորոշմամբ` Խորհրդային Հայաստանում 1920-30-ական թվականներին իրենց ազգի մեջ թշնամիներ էին որոնում և կորստյան մատնում, պայթեցնում ու քանդում իրենց պատմամշակութային հուշարձանները՝ իրենց պապերի ու հայրերի կառուցած եկեղեցիներն ու վանքերը, գնդակահարում ու աքսորում հոգևորականներին և հավատքը չուրացող հայորդիներին»,-գրում է Newsbook.am-ը և մեջբերում հոգևորականի խոսքը. «Այսօր բոլոր մոլորյալ հայորդիք, ովքեր խաբեության ու անգիտության զոհը դառնալով' հարել են աղանդներին, ուրանում են ոչ միայն իրենց հայրերի հավատքը, այլև մերժում են Հայրենիքը, լեզուն, մշակույթը…
Հետևաբար, այն հայը, ով մասամբ կամ ամբողջապես հեռանում է իր ազգային արժեքներից՝ օտարանալով, խորթանալով հայկականությունից, նա բնավ չի կարող հայ ինքնության լիարժեք կրողը լինել և ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին:
Հայոց ազգային եկեղեցին հայ ինքնության կերտողն է եղել և շարունակում է մնալ: Հետևաբար, նա, ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից»:
Լրատվամիջոցը խոսել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ` փորձելով ստալավ մեկանաբանություն Սեր Ասողիկի ասածի վերաբերյալ:
- Տեր Ասողիկը ասել է, որ ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից, խնդրում եմ, մեկնաբանեք' Դուք է՞լ եք այդպես կարծում:
- Տեր Ասողիկը հոգևորական է, անձն ունի իր մտածումը, մոտեցումն ու տեսակետը, ես չեմ կարող իրեն մեկնաբանել: Հարցրեք իրեն, թե ինչու է նման կերպ մտածում:
- Իսկ Դուք նման կերպ մտածո՞ւմ եք, կցանկանայինք իմանալ Ձեր տեսակետը:
- Ճիշտ է` ես այդ մասին դեռ չեմ մտածել, երբ որ մտածեմ, այդ մասին իմ տեսակետը կհայտնեմ:
- Իսկ հանդուրժո՞ղ եք Դուք արդյոք հայ աթեիստների նկատմամբ:
- Իսկ ի՞նչ է նշանակում լինել հանդուրժող հայ աթեիստների նկատմամբ:
- Աթեիստների նկատմամբ Տեր Ասողիկի բնորոշումները անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են:
- Ես կարծում եմ, որ եթե մեկը մի գաղափար է հայտնում, պետք է գաղափարի բացատրությունը նրանից ստանալ, այլ ոչ թե մեկնաբանություն պահանջել մեկ ուրիշից:
- Հարցը ՁԵզ է վերաբերում, այսինքն Ձեր պատասխանից կարելի է ենթադրել, որ Դուք հայ աթեիստների վերաբերյալ չե՞ք ուզում արտահայտվել:
- Ես ասացի, որ չեմ ուզում լինել Տեր Ասողիկի ասածի մեկնաբանը: Երբ որ մեկ օր ինչ-որ ասուլիս լինի, ես իմ տեսակետը կհայտնեմ: Ես կարող է հայտնեմ տեսակետ, որը չհամապատասխանի, օրինակ, Տեր Ասողիկի գաղափարին, ստացվում է, որ մի հոգևորականը դուրս է եկել մյուս հոգևորականի դեմ:
- Փաստորեն, Դուք մտավախություն ունեք, որ հայտնելով Ձեր կարծիքը' դուրս կգաք Տեր Ասողիկի դե՞մ:
- Չկա մտավախության հարց, ես իմ տեսակետը ունեմ, իմ տեսակետը կհայտնեմ այն ժամանակ, երբ հարկը լինի: Օրինակ, Ձեր մայրը ասում է ինչ-որ բան, իսկ հետո գան Ձեզանից պահանջեն, թե ինչու է ձեր մայրը նման բան ասել, կլինի՞ արդյոք դա տրամաբանական: Իմ վերաբերմունքն իմ մեջ է մնում, չեմ ուզում իմ վերաբերմունքը բացահայտ ասել` մեկի ասածը մեկնաբանելու համար: