«Հայոց համազգային շարժում» կուսակցության վերակազմավորման հիմնադիր անդամ Հովհաննես Իգիթյանը այսօր՝ ՀՀՇ–ի վերածնունդը խորհրդանշող համագումարի ժամանակ Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը ո՛չ ստեղծվել է որևէ մեկի դեմ, ո՛չ էլ ի հեճուկս որևէ մեկի։ Թեև նա շատ հարցերի պատասխաններ չունի, սակայն ասաց, որ մեկ բան գոնե գիտի, թե ինչի համար են վերստեղծում կուսակցությունը:

 

«Ոչ դեմ, ոչ ի հեճուկս որևէ մեկի։ ՀՀՇ-ն եղել է և ՀՀՇ-ն կա, սա նոր կուսակցություն չէ։ Նայեք, թե այստեղ ինչքան քաղաքական գործիչներ կան կուսակցությունից դուրս, ընդ որում, նրանց մեծ մասը կամ դուրս են մղվել ժամանակին հենց այդ նպատակով, որ ՀՀՇ-ի հետ անեն այն, ինչ արեցին։ Այսինքն՝ այս մարդիկ, եթե մնային վարչության անդամներ, խորամանկ, նենգ ձևով ՀՀՇ-ի հետ կատարվածը, որը դարձավ ՀԱԿ, տեղի չէր ունենա»,-նշեց նա։

 

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ այստեղ սկզբունքային մարդիկ են, որոնց համար հեղինակություններ՝ որպես ճնշող կամ քծնանքի առարկա, գոյություն չունեն։

 

«Ուստի, տրամաբանական էր, որ շատ քաղաքական գործիչներ պետք է հավաքվեին և ստեղծեին կուսակցություն, և ինչո՞ւ պետք է ստեղծեին նորը, եթե համարում ենք, որ ՀՀՇ-ն առաքելություն ունի, նրա ծրագիրը հնացած չէ։ Սա մեկ։ Եվ հետո ՀԱԿ-ը չի շարունակում ՀՀՇ-ի քաղաքական գիծը, ՀԱԿ-ը կտրուկ փոխել է այդ գիծը, նա այլ կուսակցություն է, այլ մթնոլորտ»,- ասաց նա և ընդգծեց, թե հատկապես ՀԱԿ-ի դիրքորոշումը Մաքսային միության հարցում ՀՀՇ ծրագրին «լրիվ խորթ է»։

 

Հովհաննես Իգիթյանը հստակեցրեց, որ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է փոխել իր տեսակետը Ռուսաստանի կողմնորոշման հարցում, այլ ՀՀՇ-ն երբեք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի անձով չի պայմանավորվել։

 

«ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյան երբեք չի եղել, երբեք չի եղել մի անձի կուսակցություն, ՀՀՇ-ի ուժը հենց նրանում էր, որ վարչության անդամներից ամեն մեկն ուներ իր դիրքորոշումը և այդ դիրքորոշումը փոխել հեղինակությամբ՝ հնարավոր չէր»,– ասաց նա։

 

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ՀՀՇ-ն չի եղել այնպիսի կուսակցություն, որի առաջնորդը մի բան է ասում և բոլորը սպասում են, թե առաջնորդն ինչ պետք է ասի։ «ՀՀՇ-ում երբեք այդպես չի եղել։ Իշխանության ժամանակ էլ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ խնդիրը պառլամենտում ՀՀՇ-ն էր»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Տեր–Պետրոսյանի ամեն մի ասածը հալած յուղի տեղ չէր ընդունվում։

 

Վերակազմավորված ՀՀՇ-ի անդամն ասաց, թե գիտակցում է, որ ՀՀՇ-ն հեղինակազրկված է, բայց հստակեցրեց, որ պատճառը մի քանի անձիք էին, որոնք այսօր իրենց հետ չեն։

 

«ՀՀՇ-ին իրոք հեղինակազրկել են անհատներ, որոնք ՀՀՇ-ից հիմա դուրս են, իսկ մենք կփորձենք վերականգնել մեր ազատ խոսքերով, բայց եթե չստացվի էլ արագորեն վերականգնել, մենք անելիքներ ունենք, մենք ասելիք ունենք ազատ խոսքի ձևով»,– ասաց նա։

 

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ իրենք իրենց խոսքը տեղ չեն հասցնի հրապարակներում, քանի որ, ըստ նրա՝ 21–րդ դարում պետք է հասկանան, որ քաղաքական կուսակցությունների գործելաոճը փոխվել է։

 

«Բարիկադների պայքարը համարվում է 20-րդ դարի գործելաոճ և շատերը մնացել են 20-րդ դարում։ Այսօր հասարակությանը ինֆորմացիան շատ հեշտ է հասնում, մի բան է անհրաժեշտ ուղղակի տրամաբանական, ազնիվ, անկեղծ ասելիք, եթե դա ունես, դա կհասնի հասարակության ամեն անդամի, և նա ոչ թե քո հետևից կգնա, դուրս կգա փողոց ֆիզիկապես, այլ համաձայնվելով քեզ հետ այդ գաղափարախոսությունը կընդունի որպես հիմք, և մի օր, երբ այդ քանակը որակ կազմեց, այսինքն' հասարակության զգալի մասը հասկանա Հայաստանի ուղին ինչպիսն պետք է լինի, դա հաստատ արդյունք կտա»,-եզրափակեց նա։