Ցանկացած ուժ պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, և՛ մեծամասնություն, և՛ փոքրամասնություն լինելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա, անդրադառնալով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, ևս մեկ անգամ նշեց՝ իրենք են հորդորել պատգամավորներին, «բիսնեսի մարդկանց». եթե կլինեն խանգարող հանգամանքներ, ապա ազատ են և կարող են գնալ:

 

«Ֆելիքս Ցոլակյանն ինքն էր խնդրել մնալ խմբակցությունում: Մենք նրան հորդորել ենք՝ եթե կլինեն կրկնություններ՝ ոչ համահունչ մեր քաղաքական մոտեցումներին, մենք այդ հարցը կվերանայենք: Ինքը ինձ հետ անգամ հեռախոսազրույց է ունեցել և որոշել է դիմում գրել: Նա ամսի 8-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ: Իսկ Շիրակ Թորոսյանին մենք ենք հեռացրել խմբակցությունից: Մենք որևէ մեկի գնալը հիվանդագին կամ ցավագին չենք տանում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Քանի՞ պատգամավոր կմնա ՀՀԿ խմբակցությունում, Բաղդասարյանը ասաց, եթե իրենք շատ չստիպեն, որ գնան՝ 54-ը կմնան։