Այսօր Ազգային ժողովի բակում գտնվող 1999–ի Հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱԺ ՀՀԿ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունենրի պատգամավորները։

 

Հուշակոթողի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել նաև Կարեն Դեմիրճյանի կինը։

 

Հիշեցնենք, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն, գնդակահարելով 8 պետական գործիչների՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

 

2003–ի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: