ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները և խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է:
ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ և նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաև իրեն:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետև եղել են Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում և Եռաբլուր պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակը: