Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես հանգստյան օրերին հնարավոր դեպքերի արձանագրմանը և այդ մասով սահմանել մշտական հսկողություն:

 

2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում իրականացվող փողոցների ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների հիմնական մասն ավարտված է՝ քաղաքապետի հանձնարարությամբ խստորեն հետևելով պատշաճ որակի ապահովմանը:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են գազաֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 16-րդ թաղամասի շենքերի գազաֆիկացման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ևս 8 շենքում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և շենքերը պատրաստ են գազաֆիկացման:

 

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության, հանրակրթության վարչությունների և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շարունակվում է սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել ծրագիրը և, նոր խնդիրներ ի հայտ գալու դեպքում, օպերատիվ կերպով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

 

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է և կավարտվի սահմանված ժամանակացույցով:

 

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում, համապատասխանաբար, ստացվել է 136 և 84 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել է համապատասխան լուծում:

 

Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ մեկնարկել է բազմամյա ծաղիկները ջերմոցներ տեղափոխելու և պահպանելու գործընթացը:

 

Առաջիկա աշնանային ծառատունկի վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են տերևների մաքրման աշխատանքները: Զուգահեռ հսկողություն է իրականացվում կուտակված տերևների այրումը բացառելու ուղղությամբ:

 

Հանձնարարվել է խստորեն հետևել տնտեսվարողների, մասնավորապես, զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում տերևների մաքրման աշխատանքների կազմակերպմանը: