Կապանում ընթացքի մեջ են տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնման աշխատանքները: Մինչ տարածքի նորոգումն ու կահավորումը գրադարանային միավորման 10 աշխատակիցներ «Կապանի հանրային գրադարանի արդիականացման և համակարգչավորման» ծրագրի շրջանակներում, հունիսի 16-27-ը վերապատրաստվում են Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանում, որպեսզի մինչ գրադարանի բացումը կատարեն առկա գրքային ֆոնդի թվայնացման աշխատանքներ: Գրադ արանավարների համար երկշաբաթյա դասընթացները կազմակերպել են «Քաունթերփարթ ինթերնեշնլ» -ի հայաստանյան ներկայացուցչությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյանի անվան գրադարանը:
Ըստ Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմամնավորվածության' դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ «ԿՈՀԱ» գրադարանային ծրագրով ավտոմատացված ծառայություններ մատուցելու համար' թե՛ սպասարկման ոլորտում, և թե՛ մատենագիտական գրառումներ ստեղծելու նպատակով:
«Դասընթացների ընթացքում նրանք կայցելեն ՀԱՀ-ի թվանշային գրադարան, կծանոթանան թվայնացման աշխատանքներին և ձեռք կբերեն գործնական հմտություններ գրադարանային նյութերի հետագա թվայնացման և պահպանման ոլորտում»,- նշել է Սաթենիկ Ավագյանը:
Կապանցի գրադարանավարները կտիրապետեն նաև առցանց տեղեկատվական ծառայություններ մատուցելու հմտություններին, միջգրադարանային համագործակցության Հայաստանի համահավաք քարտարան «ԱԼԵՖ»-ի միջոցով, կծանոթանան և հետագայում կանդամագրվեն Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (ՀԷԳԿ), ինչը Կապանի գրադարաններին հնարավորություն կտա օգտվելու «eIFL-Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» միջազգային գրադարանային ասոցիացիայի գիտական բազմաբնույթ էլեկտրոնային շտեմարաններից: