Հայաստանում ամերիկյան համալսարանի գրադարանում 10-օրյա ուսուցողական դասընթացներ անցնելուց հետո կապանցի գրադարանավարները սկսել են Կապանում հիմնվելիք' տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդի թվայնացումը:
Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նրանց համար տեղում կազմակերպվել են նաեւ եռօրյա դասընթացներ' դարձյալ Ամերիկյան համալսարանի աշխատակիցների կողմից, որոնցում ընդգրկվել են ավելի շատ թվով գրադարանավարներ:
«Դասընթացների ժամանակ ուսուցանվում է, թե ինչպես պետք է վարել էլեկտրոնային գրադարանի կայքը, որն արդեն պատրաստ է, ինչպես թվայնացնել գրքային ֆոնդը, ստեղծել էլեկտրոնային քարտարաններ եւ օգտագործել դրանք: Ուսուցանվում է այն աշխատանքը, որ գրադարանավարը պետք է կատարի իր ամենօրյա գործունեության ընթացքում»,-«Արմենպրես»-ին ասաց Կապանի քաղաքապետի օգնական Աշոտ Քարամյանը:
Էլեկտրոնային գրադարանի համար անհրաժեշտ գույքը' համակարգչային տեխնիկան, ինտերնետային ցանցի տեխնիկական միջոցները, արդեն տրամադրել է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը: Ամերիկյան համալսարանը եւս տրամադրել է համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ' 650 կտոր գիրք է նվիրել գրադարանին: Դրանք մանկական, գեղարվեստական, գիտական, տնտեսագիտական, իրավագիտական, հանրագիտարանային գրքեր են' հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Էլեկտրոնային գրադարանի տարածքի' քաղաքի մշակույթի կենտրոնում գործող մանկական գարադարանի, նորոգման համար քաղաքապետարանն արդեն հայտարարել է մրցույթ: Հաղթող կազմակերպությունն էլ կիրականցնի շինարարությունը' դոնոր կազմակերպությունների ներդրումներով:
Գոհար Իսախանյան