Անգամ ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ իշխանությունների կողմից հետապնդվող թուրքաբնակ հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանին ազատ արձակելուն ուղղված էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել Թուրքիայում: Կազմակերպիչները իրենց հայտարարության մեջ նշել են, որ Նիշանյանի դատապարտումը ամոթալի որոշում է, և նրա նկատմամբ առկա ճնշումներն ու սահմանափակումներն անմիջապես պետք է վերացվեն:
«Սևան Նիշանյանի դատապարտումը ամոթալի որոշում էր, որը վնասում է մարդկանց խիղճը և ստվերում խոսքի ազատության հույսը: Պահանջում ենք վերացնել բանտային գրադարանից օգտվելու հարցում մտցված սահմանափակումները և համակարգչից օգտվելու արգելքը Սևան Նիշանյանի նկատմամբ' մի մարդու, ով Թուրքիայի և ողջ աշխարհի համար նշանակալի աշխատությունների' այդ թվում և ստվարածավալ ստուգաբանության (էթիմոլոգիայի) բառարանի հեղինակ է, ով իր ողջ կյանքը նվիրել է ուսումնասիրություններին և գրելուն: Սևան Նիշանյանի խոսքի, աշխատանքի և հետազոտությունների ազատությունը արգելելուն ուղղված բոլոր սահմանափակումները, պատիժներն ու արգելքները պետք է անմիջապես վերացվեն»,- ասվում է հայտարարության մեջ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ստորագրահավաքին, պետք է մտնեն այս հղումով և գրանցվեն:
Փետրվարի 26-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սևան Նիշանյանին Իզմիր քաղաքի Թորբալըի բաց բանտից տեղափոխել են Բուրջայի փակ բանտ: Իր վերջին նամակներից մեկում Նիշանյանը տեղեկացրել էր, որ վերջին հոդվածներից մեկի պատճառով իր դեմ հետաքննություն են սկսել' բանտային ծառայողին նվաստացնելու մեղադրանքով: Բանտի տնօրենը նրան կանչել է իր մոտ, և հայ մտավորականից ցուցմունք են վերցրել: Նիշանյանի համոզմամբ, մի քանի օր հետո իրեն կարող են տեղափոխել փակ բանտ: «Իրական պատճառն այդ հոդվածը չէր: Ինչ եկել եմ այս բանտ, ասում են, թե այստեղի «խերը» կորել է: Գնամ, կկարողանան հանգիստ շունչ քաշել»,- ասել է Նիշանյանը:
Թուրքիայի արդարադատությունը մեղավոր էր ճանաչել հայազգի լեզվաբանին «սեփական հողակտորի վրա ապօրինի շինարարություն կատարելու» համար: Նիշանյանը, ով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում:Դատարանի թույլտվությամբ նա կարողացել էր մոտ մեկ շաբաթով դուրս գալ բանտից: Նրա որդին'Արսեն Նիշանյանը, հայտնել էր, որ հայրը երեք ամիսը մեկ հնարավորություն կունենա 3-4 օրով գտնվել ազատության մեջ: