Ըստ Մայր Աթոռի և Պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի' Հայաստանում 2003 թվականից սկսած ՀՀ ազգային բանակում ստեղծվել է հոգևոր սպասավորների ինստիտուտ:
Ինստիտուտի ստեղծման շնորհիվ այսօր բանակում զինվորների հետ միասին ավելի հաճախ կարելի է հանդիպել սևազգեստ մարդկանց:
Հայկ սարկավագ Թադևոսյանը իր հոգևոր ծառայությունը անցկացնում է հյուսիսարևելյան ուղղությամբ գտնվող զորամասում:
Ինչպես HayNews.am-ի հետ զրույցում նշում է սարկավագն' ինքը զինվորների հոգևոր հայրն է դարձել. «Չնայած մեր տարքիային տարբերությունն այդքան էլ մեծ չէ, բայց այստեղ ես ավելի շատ ավագ եղբայր կամ հոգևոր հայր եմ: Հոգևորականը հաճախ թեթևացնում է զինվորի ծառայությունը, որովհետև երբ հրամանատարը հրամանը խիստ է ասում, հոգևորականը այդ նույնն ավելի սիրով ու խաղաղ է ասում: Հաճախ կարող եմ չխոսել զինվորների հետ, այլ սև հագուստով պտտվում եմ զորամասում, զինվորը այդ սև հագուստից զգաստանում է և իր մեջ սկսում է մտածել հոգևոր կյանքի մասին»:
Հայկ սարկավագը, խոսելով բանակում ծառայող զինվորների հոգեբանական խնդիրների մասին, նշում է, որ սկզբնական շրջանում զինվորը ավելի շատ ինքնահաստատվելու խնդիր է ունենում.«Ինձ շատ տարբեր խնդիրներով են մոտենում: Սկսած անձնականից, երբ իրենց ընկերուհիների հետ են վիճում, մինչև հոգևոր կյանքին վերաբերող հարցերը: Դրսում այդ հարցերի մասին չեն մտածել, իսկ այստեղ սկսում են մտածել Աստծո մասին»:
Հայկ սարկավագը զինվորների հետ 2 մեթոդով է աշխատեում' ընդանուր դասեր և առանձնազրույցներ. «Ընդհանուր դասն անցնում է բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Սեյրան Օհանյանի հաստատած կարգով: Լինում են նաև առանձնազրույցներ, որոնք ավելի շատ գաղտնի զրույցներ են և դրա մասին ոչ ոք չի իմանում»:
Սարկավագի խոսքով' բանակում տոնվում են եկեղեցական բոլոր տոները. կատարվում է ջրօրհնեքի արարողություն, ոտնլվա և այլն:
«Ինձ համար այստեղ ավելի հեշտ է ծառայելը, որովհետև այն դեպքում, երբ դրսում ծառայելիս պետք է սպասես, որ հավատացյալը գա խոսես ու շփվես, ապա այստեղ արդեն ես եմ եկել իրենց մոտ: Տղաների տարիքը նույնպես շատ կարևոր է, նրանց մեծ մասը 18- 20 տարեկան են և նրանց հետ ավելի հեշտ է շփվելը» , - ասում է Հայկ սարկավագը: