Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը' կապված Հայոց ցեղասպանության հետ: Դեմոյանը ուղերձ է հղել թուրք պաշտոնյային:
«Հարգելի պարոն վարչապետ: Այո, Դուք ճիշտ եք' ասելով, որ «Ապրիլի 24-ը յուրահատուկ կարևորություն է կրում իր մեջ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար»: Բայց պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության և հիշողության, այլև Թուրքիայի պատմության և հիշողության մաս է: Երբ Դուք անդրադառնում եք Հայոց ցեղասպանության հարցերին, ուշադրություն դարձրեք, որ Ձեր բառերը և քայլերը պետք է ուղղվեն առաջին հերթին թուրքերի նոր սերնդին, որոնք, ես կարծում եմ, չեն ցանկանում պիտակավորվել որպես ցեղասպան հանցագործների հետևորդներ: Մենք' կենդանի մնացածների հետնորդներս, նույնպես ցանկանում ենք նրանց ունենալ որպես գործընկերներ և ընկերներ, որոնք ազատ են իրենց մտածելակերպով և ցանկանում են իմանալ ճշմարտությունը և ոչ թե մեկ դար հնության ստերն ու հորինվածքները: Ես հպարտ կլինեմ նման գործընկերներ ունենալու համար, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու անհրաժեշտությունը և դրա հետևանքների դեմ պայքարելը: Հատված Ձեր հայտարարությունից. «Թուրքիայում, 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմ ակարծության հեռանկար է, ինչպես նաև ժողովրդավարության և արդիականության մշակույթ»: Իսկապես հիասքանչ հայտարարություն: Բայց թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռևս գոյություն ունի: Ինչպե՞ս եք Դուք առաջարկում ինձ հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որն աշխատելու է Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ, մի ճշմարտության, որն ընդունվել է շատ ցեղասպանագետների կողմից, որոնց մեջ նաև շատ են իմ թուրք գործընկերները: Թույլ տվեք գուշակել: Կարծում եմ , որ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ' ճշմարտությանը հասնելու համար: Ապագայի նկատմամբ հույսերով'
Հայկ Դեմոյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար' լինեն թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով, հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա, ժողովուրդն է ասում, «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի' այդ շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով, «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիականության պահանջն է»: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն են: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է», -նշել է նա: