Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։ 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել 439 ընտանիքների՝ բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով։ Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466 ընտանիքների։
Սիրիահայերն ընդգրկված են նաև քաղաքապետարանի սոցիալական ընդհանուր ծրագրերում. Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել են 259 քաղաքացիներ, «Գթության խոհանոցից» օգտվում են 43 սիրիահայեր։
Սիրիահայ քաղաքացիներից 70-ը կենսաթոշակի իրավունք են ձեռքբերել, 25 սիրիահայ ընտանիքներ էլ նպաստի իրավունք են ստացել։
Ուսումնական տարվան ընդառաջ՝ սիրիահայ ընտանիքների 67 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ բացի սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերից, քաղաքապետարանը նաև երևանցիների առօրյայում սիրիահայերի լիարժեք ինտեգրմանն ուղղված քայլեր է ձեռնարկում։ Այդ նպատակով, օրինակ, սիրիահայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել նաև սիրիահայ 4 ուսուցիչների։
Պարգևատրվել են նաև ամռան ընթացքում Երևանի Ս.Շահումյանի անվան համար 1 դպրոցում սիրիահայ աշակերտներին արևելահայերեն դասավանդող ուսուցիչները։
Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրում ներագրավված է նաև առողջապահության վարչությունը։ 2013թ. հունվարից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 1361 սիրիահայեր, որոնցից 139-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում. նրանց տրամադրվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն