Հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցով զբաղվող հանձնաժողովը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի գնահատմամբ, աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Կամո Արեյանը հայտարարեց, թե տրանսպորտի սակագինը նույնը չի մնա՝ կթանկանա։ «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- զարմացավ փոխքաղաքապետը՝ ավելացնելով, որ այս տարիների ողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ գործող սակագնով անհնար է տրանսպորտ շահագործել։

 

Նա նշեց, թե տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, որովհետև հանրությունը նման պահանջ ունի. «Պիտի վերանայվի երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, չվացուցակը և այլն: Այս հարցերը հանձնաժողովը նույնպես քննարկում է»,- հավաստիացրեց նա։